Կյանքը հայրենիքին տված ու չպարտված հերոսների երազանքների մասին
2017-ին ես ընդամենը 15-16 տարեկան էի , ավելի շուտ ազդվող ու էմոցիաներին զոհ գնալու էնտուզիազմով ապրող:
Կարծում եմ, հենց դա էր պատճառը, որ 2018-ին եթեր հեռարձակեցի վերջին հաղորդումն ու այլևս չցուցադրեցինք:
Ավաղ 2020-ին սկսվեց պատերազմական ավելի մեծ ալիքն ու մեզանից խլեց իմ սերնդակից կամ ինձանից մեկ տարի փոքր, երազանքներով լեցուն երիտասարդների: Նրանց մեջ էր նաև Արեն Հովհաննիսյանը, ով մեր քոլեջից էր, և ում հետ հնարավորություն եմ ունեցել ներգրավված լինել մեկ ներկայացման մեջ: Ասեմ, որ պիեսներից մեկը, որը ամիսներ շարունակ փորձում էինք սեղանի շուրջ՝ այդպես էլ մնաց սեղանին:
«Կյանքս հայրենիքիս» հաղորդումը ավելի շատ հերոսների երազանքների մասին է...
Միշտ ասում են. «Ափսոս, մի քիչ կարճ են թողարկումները» Ես ինքս երբևէ կողմ չեմ եղել նման ծանր թողարկումների համար մեծ մասշտաբներ վերցնել, որովհետև միշտ մտածել եմ, որ 2 կամ 3 րոպեների ընթացքում կարող ես համեմատաբար ավելի շատ բովանդակություն տալ, քան օրինակ՝ 1,5 ժամում: Հերոսների մասին այս թողարկումներն արվել և արվում են նրանց երազանքների ու նպատակների մասին պատմելու և մարդկանց ևս մեկ անգամ հասկացնելու, որ տղաները զոհվել են հանուն հայրենիքի ու բոլորիս, որպեսզի մենք ապրենք խաղաղ ու առանց ատելության:
Յուրաքանչյուր հերոսի ծնողի հետ զրուցելիս, զարմանում եմ, թե նրանց մեջ ինչպիսի մեծ ուժ կա: Ուժ՝ պայքարի ու սիրո, ուժ՝ ատելության ու հիասթափության դեմ: Մի անգամ զոհված զինծառայողների մայրիկներից մեկին ասացի. «Ես հպարտ եմ, որ դուք այսքան ուժեղ հայ եք, և կուզենայի Ձեզ նման ուժեղ լինել»: Ինչքան էլ, որ սպասելի էր պատասխանը, այնուամենայնիվ ինձ տարակուսանքի մատնեց այդ մեկ նախադասությունը «Տղաս կուզեր ինձ այսպիսին տեսնել, նա չհանձնվեց, չպարտվեց, իսկ ես ուղղակի պարտավոր եմ չպարտվել»:
Զինվորների ծնողները ուժ են, սեր ու հույս....
2020-ի առաջին թողարկումը Ալեն Մարգարյանի մասին էր: Նրա մայրիկի հետ հեռախոսով ավելի քան մեկ ժամ խոսելուց հետո ինձ համար բացահայտեցի մի նոր աշխարհ:
Այդ աշխարհն ամենևին տխրության ու ցասումի աշխարհն չէր, ինչքան էլ, որ պատերից արցունք էր ծորում...
Ամեն անգամ հերոսների ծնողների հետ զրուցելիս, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանց շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ: Ալենի մայրիկի հետ անդադար խոսում էինք՝ Ալենից, իր երազանքների ու նպատակների մասին, իհարկե կան բաներ, որոնք կմնան միայն այդ զրույցի արցունքոտ պատերի ներսում: Հիշում եմ՝ ասացի «Տիկին Նազելի, ուզում եմ ասել, որ Ալենն ապրում է իր ուսանողների, ընկերների ու բոլորիս մեջ», իսկ նա պատասխանեց «Դա միայն ասում ենք, որպես խոսքեր ասելու համար. ծնող կորցնելն ինչ-որ տեղ օրինաչափ է, բայց զավակ կորցնելը... »
Ամբողջ օրը մտածում էի, թե այս ծանր խոսակցությունից հետո, ինչպես էր տիկին Նազելին Ալենի մասին իմ հարցերից միանգամից զգոնանում ու այդքան լուսավոր հիշում ու կիսվում ինձ հետ: Այդ օրը ևս մեկ անգամ ապացուցվեց մի հանգամանք, որ հիշողությունը՝ դա մի պատուհան է, որտեղից նայում ես ջերմանալու համար:
Որպես վերջաբան....
Հերոսների մասին իմ պատրաստած հաղորդումներն առաջին հերթին պետք են հենց ինձ: Ես նրանցով ապրում եմ ամեն օր, երբ տեսնում եմ Արենի, Ալենի և մեր մյուս հերոսների նկարները հիշում եմ, որպես վերջաբան ասված խոսքերս, որոնցով ամփոփում եմ յուրաքանչյուր հեռուստաշարքը: Օրինակ՝ «Սակայն Ալենն ապրում է իր ընկերների, ուսանողների և իհարկե պարզապես անծանոթների սրտերում: Փոքրիկ, բայց վեհ մի տնակում, որտեղից անդադար լսվում է «Երազիր ու գնա երազանքիդ հետևից», «Արենը լույս է տիեզերքում, հավերժ ճառագայթող լույս, որի վառվռուն շողերը անսահման ուժ են տալիս», «Տիգրանը երաժշտություն էր, հոգին հմայող երաժշտություն, որ խոսում էր պարի լեզվով ու այդ լեզվով միշտ կրկնում. չտեսնեմ, որ հանձնվեք»:
Այո, տղերքը մեզ երբեք չեն ների, եթե հանձնվենք: Նրանք երկնքից մեզ ուժ են ուղարկում, որ նորից պայքարենք արդարության համար: Նրանք պայքարեցին ու չպարտվեցին: Ինչպե՞ս կարող ենք նման հերոսներ ունենալով խոսել պարտության մասին: Խոսել 18-20 տարեկան տղաների պարտության մասին, իմ կարծիքով՝ հենց դա է պարտությունը: Չի կարող գիտակցված մահ գնացած ու հայրենիք փրկած հերոսներ ունեցող ազգը պարտված լինել:
Մենք հաղթել ենք, որովհետև ունենք սերունդ, որ ապրեցրել է: Չենք պարտվել, որովհետև նրանց հոգիներն ամրացրել են մեր սահմանները:
Արթուր Հակոբյան